ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Արցախից տեղափոխել են Երևան՝ վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին տեղեկությունը Armenia Today-ի հետ հեռախոսազրուցում հաստատեց Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա ասաց, որ վերակենդանացման բաժնում գտնվող Գրիգորյանի առողջական վիճակի մասին կդժվարանա մանրամասներ ասել, սակայն վաղը կստանա բժշկական եզրակացությունն ու կհայտնի։
Նրա տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում էր, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում էր Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից համագործակցել է Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ։ Իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական փորձ՝ հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը:
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց՝ բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: