Այսօր ունենք հերոս տղաներ, իրական լեգենդներ, որոնց կողքին ու նրանց տեղը պետք է կանգնել, որպեսզի հաղթենք, բայց դրա համար պետք է ջանք ներդնենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ-յան ուղիղ եթերի ժամանակ և, նշելով, որ առաջնագծում ու, հատկապես, Արցախի հարավային սահմաններում բավականին ծանր ու դժվար վիճակ է, միաժամանակ նկատեց, որ մեր դիտարկումներով, հակառակորդն արդեն իսկ մարտի է նետում իր վերջին ռեզերվները։
«Այո, հակառակորդի ռեսուրսները շատ-շատ են, բայց մեր հերոսները նրանց աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում, և նաև սա է պատճառը, որ Ադրբեջանը հումանիտար հրաադադարի չի համաձայնվում, վախենում է, որ մեկ տասնյակ հազարին մոտ դիակներ պիտի իրենց ստեղծած էյֆորիայի ֆոնին վերադառնան ընտանիքներ, որ դրա արդյունքում գտնվեն ինչպես թուրք զինվորականների, այնպես էլ վարձկան գրոհայինների մարմիններ»։
Վարչապետի խոսքով՝ հակառակորդին պատճառված տեխնիկայի կորուստներն էլ կազմում են ավելի քան 1 մլրդ դոլար։
Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ ևս անդրադարձ կատարելով մեր պատմական անցյալին, նշեց, որ այսօր է այն պահը, երբ մենք պետք է ու պարտավոր ենք տալ վերջին ոչ միայն 30, այլ նաև 500 տարվա պրոբլեմների հանգուցալուծումը, ուստի նա կրկին կոչով դիմեց մեր հայրենակիցներին․
«ՏԻՄ ղեկավարներ, գյուղապետեր, կուսակցություններ, հասարակական կամակերպություններ, հավաքեք ջոկատներ։ Բոլորը ոչ վաղը, այլ հենց հիմա պետք է շարժվեն դեպի Ստեփանակերտ՝ զինվորագրվելու։ Այսօր պետք է չխնայել ու տալ այն ամենը, ինչ պետք է հայրենիքին՝ ամենագնաց ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ և այլն։ Բոլորն իրենց ուղղություններով պետք է աշխատեն և օգնեն բանակին»։
ՀՀ վարչապետն իր ելույթն ավարտեց նույն խոսքերով․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՄԻ ՄԱՐԴՈՒՑ, և ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈւ ԵՍ։