«Սփյուռքից եկած մեր հայրենակիցները, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, օրենքով մենք իրենց չենք կարող զինվորագրել։ Չնայած ես ունեմ օրինակներ, ովքեր կամավոր գնացել են, բայց, որպես կանոն, իրենց հետ ենք դարձնում, որովհետև խնդիր կա, պետք է Հայաստանի քաղաքացի լինեն, ավելին՝ պետք է զինապարտ լինեն՝ գումարած տարիքային սահմանափակումը»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Կամավորագրվելու վարչապետի կոչի մասին հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրեց՝ մարտական գործողությունների ծանրությունը կամավորների, նույնիսկ պահեստազորի վրա չի ընկնում, այն մնում է բանակի վրա։
«Թե՛ պահեստազորը, թե՛ կամավորները օգնող, աջակցող, լրացնող ֆունկցիա ունեն, միևնույն է, հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Առաջնագծում բժիշկները շատ ծանր աշխատանք են տանում՝ մեր սպիտակ բանակի պայքարի մասին խոսելիս նշեց Հովհաննիսյանը։
«Մանավանդ բեկորային վիրավորումները շատ են։ Հաճախ բժիշկները հայտնվում են կրակի տակ, հարվածի են ենթարկվում նաև բժշկական մեքենաները։ Այնպես որ, շատ դժվար աշխատանք են տանում, ու փառք նրանց»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: