Տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի, հ/կ-երի և կուսակցությունների կողմից ինքնապաշտպանական ջոկատներ կազմակերպելու վերաբերյալ վարչապետի կոչին արձագանքել են տարբեր մարզերի և համայնքների ղեկավարներ։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:
Րոպեներ առաջ Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը»։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտնել է, որ այսօրվանից կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանության գործին։
«Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից»։
Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամավորագրման կոչին՝ հայտնել է, որ իր գլխավորությամբ կամավորական ջոկատ է կազմավորվում։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ականջալուր լինելով ՀՀ վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ։
Վաղը ժամը 9.00-ից սկսած կարող եք դիմել Արտաշատի համայնքապետարան՝ ձևավորելու «Արտաշատ» կամավորական ջոկատ և միանալու արդար պայքարին։ Փա՛ռք Հայոց բանակին»,- ասված է համայնքապետի գրառման մեջ»։
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ,
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։
Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս»։
«Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային թիվ մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը»,-հայտնել է մարզպետ
Համբարձում Մաթևոսյանը։
«Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։ Եվ ուրեմն, ի գործ:
Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք Հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Հենց մեր միասնական և աննկուն պայքարի արդյունքում էլ հաղթելու ենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մաթևոսյանը: