Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշում է, որ այդ կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ:
«Ինտերֆաքսի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե խոսենք փոխզիջումների մասին, տարբերակներից մեկը կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը:
«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 883 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: