Այսօր ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը ողջ արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով։ Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային ուղղությունը, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, և այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և հանգուցային ճանապարհային կետեր, այս պահին էլ շարունակվում են։
«Հարավում՝ տարբեր կետերում, օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում՝ նաև զրահատեխնիկայի։ Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, միջոցների կիրառմամբ՝ նվազագույն հետևակի կիրառությամբ:
Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ՝ մասնավորապես դասական մարտավարական օդուժ։ Ինչպես ՊԲ-ն արդեն հայտնել է, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք»,- նշել է Ա.Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 925 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: