ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ է Արցախ-Իրան սահմանի հատվածում, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը, ասաց․ «Այդ սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, եթե ինչ-որ նեղ տեղերում էլ, ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապ ստեղծել՝ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում ու ստեղծում են ինչ-որ անկանոն իրավիճակ։
«Խնդրում եմ՝ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Այդ խմբավորումները, որպես կանոն, շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում: Դրա վառ վկայությունը Հադրութ և Ֆիզուլի քաղաքներն են։ Այդ մարտավարությունը իրենք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր․ փորձելու են այդ ուղղությամբ շարժվել՝ առանց լուրջ զրահատեխնիկայի, խոցման միջոցների աջակցության և առանց իրենց սիրված ԱԹՍ-ների աջակցության։ Կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 925 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: