Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ նման խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ուժով կամ զենքով, այլ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին «Վալդայ» բանավիճային ակումբում հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այո, իհարկե, կարող ենք ասել, որ 30 տարի բանակցություններ են ընթանում, և ոչ մի արդյունք չկա․․․ Բայց,իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- նշել է նա
«Սա հետևողական դիրքորոշում է (Թուրքիայի նախագահի), նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Բայց մեր կողմից ի՞նչ: Պետք է համառորեն աշխատել բոլորի հետ, համբերատար լինել, ինչը մենք անում ենք, և բոլորին ապացուցել, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, և մենք կպաշտպանենք այն: Իսկ որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 925 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: