Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձևաչափը կարելի է մի քիչ փոխել: Այս մասին «Վալդայ» բանավիճային ակումբում հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է փոխել ՄԽ ձևաչափը:
«Ես ձեր հարցի պատասխանը չունեմ (արդյո՞ք անհրաժեշտ է փոխել Ղարաբաղում կարգավորման խմբի ձևաչափը), ցավոք: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, ոչ այն պատճառով, որ ուզում եմ ընդգծել Ռուսաստանի դերը, բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանն այստեղ կողքն է, նրանք մեր հարևաններն են, մենք հատուկ հարաբերություններ ունենք այս երկրների, այս ժողովուրդների հետ: Ազդեցությունը շատ հզոր է: Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում Ղարաբաղում կարգավորման համար, բայց նա աջակցության կարիք ունի, այդ թվում` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, և ՄԽ այլ մասնակիցների կողմից, նրանք 10-12-ն են, և, ի դեպ, Թուրքիան նույնպես:
Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձևաչափը կարելի է մի քիչ փոխել: Մենք պետք է գտնենք կառուցողական, ընդունելի փոխզիջումներ երկու կողմերի համար:
Կրկնում եմ՝ մենք երկար տարիներ փնտրել ենք այդ փոխզիջումները, առաջարկել ենք: Հավատացեք ինձ, շատ համառորեն, մանրամասն, կիլոմետրերով, անկեղծ ասած: Տարբեր միջանցքներ ենք այնտեղ կառուցել, տարածքներ փոխանակել, ինչ ասես մեզ չեն առաջարկել: Ցավոք, մենք չկարողացանք լուծում գտնել, և այս ամենը հանգեցրեց այսօրվա ողբերգությանը: Հուսով եմ, որ ամեն ինչ կավարտվի, այդ մարտերը: Համաձայն եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, կրակի դադարեցումն է: Մենք պայմանավորվել ենք այդ մասին Մոսկվայում: Բայց, ցավոք, իրավիճակը պահել չհաջողվեց: Հետագայում ևս դրան ենք ձգտելու»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 925 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: