Արցախում զոհվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթևոսյանը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա դուստր Հերմինե Մաթևոսյանը։
«Հայրս, որն իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի…»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվե է թշնամու կողմից: