Ղարաբաղյան հակամարտության լուծումը Հայաստանը տեսել և տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել Է ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա կարծիքով՝ բավական դժվար է խոսել այն մասին, թե արդյոք կարելի է ստիպել Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բաքուն կշարունակի ռազմական գործողությունները այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի հաջողվել խաղաղություն պարտադրել։ Ստիպված լինելով մարտական գործողություններ վարել՝ Հայաստանն էլ պատրաստ է գնալ մինչև վերջ։ Մարկարովի խոսքով՝ մենք փորձում ենք հակառակ կողմին հասցնել այն, որ ժամանակն է վերադառնալ բանակցություններին։ Սակայն, անհաջողության դեպքում, հարցը կարող են լուծել զինված ուժերը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը։
– Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ երբեք համաձայնություն չի տա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը՝ չբացառելով Ղարաբաղի հայերի մշակութային ինքնավարությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
– Հարցն այն է, թե ինչի համար է այսօր պայքարում հայությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում։ Նա պայքարում է ոչ թե այլ պետության շրջանակներում ապրելու հնարավորությունը ճանաչելու, այլ որպես ինքնորոշված միավոր ապրելու հնարավորության, միջազգային իրավունքի պոտենցիալ սուբյեկտ լինելու համար։ Այսօրվա դրությամբ ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Սփյուռքը որևէ փոքր բանի համաձայն չեն, քանի որ ամբողջ ռազմաքաղաքական գործընթացը, որը տևում է 80-ականների վերջից, ուղղված է հենց Ադրբեջանի հետ որևէ քաղաքական չունենալուն։ Ղարաբաղի հայերը բոլոր հիմքերն ունեն՝ իրավական, պատմական, քաղաքական, ռազմական, մշակութային, Ադրբեջանից անջատվելու համար։
Վերջին շրջանում այս երկրում տիրող հայատյացությունը չի ենթադրում հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցություն։ Այս տեսանկյունից մշակութային ինքնավարության մասին հայտարարություններն ուղղակի հակասում են այդ երկրում գոյություն ունեցող հայատյացության մթնոլորտին։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա հենց այդ հարցն այն կետերից մեկն է, որը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս։ Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով արդեն հաստատել է անկախ պետականության իր ձգտումը։
– Ներկայիս պատերազմի ամենաարդիական թեմաներից մեկը ադրբեջանցիների կողմից աննախադեպ քանակի հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է։ Մինչ այս նման շատ անօդաչուներ չեն օգտագործվել հակամարտության գոտիներից և ոչ մեկում: Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր կարող են օգնել ավելի արդյունավետ դիմակայել դրանց եւ նվազեցնել կորուստները:
– Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց ասեմ, որ դա մարտական գործողություններ վարելու բոլորովին նոր ձև է։ Անօդաչու թռչող սարքերը կիրառվել են և՛ մինչ այդ՝ 2016 թվականին, և՛ Սիրիայում, և երևում էր, որ դա այն ուժն է, որը կարող է էական սպառնալիք ներկայացնել ցանկացած ստորաբաժանման համար, որը մարտական գործողություններ է վարում ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական բնույթի։ Այս ամենը պահանջում է նոր մարտավարության շուտափույթ մշակման անհրաժեշտություն, առաջին հերթին՝ ռադիոլոկացիոն և կրակային ճնշման միջոցների առկայություն։ Այս ոլորտում Մենք իսկապես մեծ աշխատանք ունենք անելու։
Գոհար Իսախանյան