Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն նա արել է Le Figaro թերթի հետ հարցազրույցի ժամանակ։ Ադրբեջանի նախագահը պատասխանել է այն հարցին, թե որ տարածքներն է իր երկիրը «մտադիր զավթել, նախքան հարձակումը դադարեցնելը»:
«Մենք պատրաստ ենք դադարեցնել գործողությունները թեկուզ այսօր։ Ես դա արդեն հայտարարել եմ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների ժամանակ։ Դրան հասնելու համար բավական կլինի, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Հենց դրանից հետո կգա դիվանագետների համար գործելու ժամանակը», – ասել Է Ալիևը։
«Անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնվի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հիմնարար սկզբունքների հետ, որոնց հետ մենք ինքներս համաձայնեցինք», – շարունակել է նա:- Հենց դրանից հետո մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»։ «Ես անձամբ 17 տարվա ընթացքում բանակցություններ եմ վարել երկու հայկական նախագահների հետ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում», – հիշեցրել է նա:
«Մենք փոքր առաջընթացի ենք հասել», – նշել է Ալիևը: – Սակայն երբ պարոն Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին, նա ոչնչացրեց խաղաղ գործընթացը։ …- Բայց ես կարծում եմ, որ հիմա եկել է քաղաքական լուծում գտնելու ժամանակը։…«Սակայն հայերը չպետք է այլևս հնարավորություն ունենան պարտադրելու մեզ, քանի որ ստատուս քվոն և նախկին շփման գիծը այլևս գոյություն չունեն։ Տեղանքում նոր իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանը պետք է դա հաշվի առնի», – ընդգծել Է Ալիևը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագային, նա նշել է, որ «այն տեսնում է որպես Ադրբեջանի բարգավաճ և հուսալի մաս, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը կապրեն ներդաշնակության, խաղաղության և արժանապատվության պահպանման պայմաններում»: «Ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնալու հնարավորություն ստանան», – ընդգծել Է Ալիևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա մոտ 950 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: