ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադարձավ հարցին, որ այսօր միջազգային մամուլում շրջանառվում է Ալիևի հնչեցրած այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե առաջինը հայկական կողմը դադարեցնի կրակը. ինչպե՞ս վերագրել այն, եթե ոչ ալիևյան հերթական սադրանք:
«Այս պահին Միացյալ նահանգներում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել կոնկրետ այդ մասով՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ապա մենք, բնականաբար, առաջինը այդ մասին պաշտոնապես կհայտնենք, եթե ոչ, ապա ոչինչ չեմ կարող ասել այս պահին։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, որևէ զարմանալի բան չեմ տեսնում․ հերթական անգամ սլաքներն ուղղել մեր ուղղությամբ»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: