Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վերհանվում են քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն:
Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Արձագանքելով բնակչության կողմից հնչեցվող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: