Նոր զինադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը համահունչ:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ երկու երկրների ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով:
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: