ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
«Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»,- Facebook-ի էջում գրել է ԱՀ նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Այսօր արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին։