«Ալիևը շուրջ մեկժամանոց ելույթով նորից դիմեց ժողովրդին։ Ինչ եզրակացություններ կարելի է անել այդ ելույթում հնչած մտքերի վերաբերյալ»,- իր ֆեյսբուքյան էջում
գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«- Ալիևի և Ադրբեջանի վրա կա լրջագույն արտաքին ճնշում։ Ընդ որում՝ այդ ճնշումը վերաբերում է տարբեր թեմաների՝ հրադադարի պահպանումը խախտելուց մինչև թուրքական F16-երի տեղակայում Ադրբեջանի տարածքում։ Ճնշում կա նաև Թուրքիայի կողմից (տե՛ս ստորև)։
– Ադրբեջանը շարունակում է ամեն ինչ անել՝ արժեզրկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ դրա անդամներին մեղադրելով «պրոհայկական դիրքորոշման» մեջ։ Արդեն նշել եմ, որ ամեն ջանք գործադրվում է Թուրքիային բանակցային նոր ձևաչափի մեջ մտցնելու համար։
– Ադրբեջանի ռազմական ներկա պլանը ևս տապալվում է, քանի որ այն հիմնված էր տեխնիկական առավելության շնորհիվ հաջող օպերացիաներ իրականացնելու վրա։ Այս ձախողումն է պատճառը, որ արդեն մի քանի օր է՝ Ալիևն անձամբ է բողոքում, թե Հայաստանին որտեղից այդքան գումար,որ շարունակում է զինված մնալ և դիմադրել ադրբեջանական մեծաթիվ գրոհին (այսօրվա ելույթը ևս բացառություն չէր)։ Ինչպես հասկանում եք, խոսքն ուղղված է կոնկրետ երկրի։
– «Թուրքական F16-երը կօգտագործվեն, եթե Բաքուն առերեսվի արտաքին ագրեսիայի հետ»։ Իլհամ Ալիևի այս խոսքերը հնչում են ոչ թե Բաքվից, այլ Անկարայից։ Թուրքիան շարունակում է թելադրել պատերազմի ինտենսիվությունը։ «Իմ եղբայրը պնդում է, որ աշխարհը 5-ից մեծ է»։ Անկարկելով Էրդողանին և վերջինիս ցանկությանը՝ վերաձևելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի կազմ, Ալիևը վերահաստատում է այն, որ պատերազմի «տերը» Թուրքիան է՝ իր տարածաշրջանային և գլոբալ հեռահար նպատակներով (էներգետիկից մինչև ռազմական)։ Վստահ կարելի է ասել, որ ներկայիս պատերազմը այդ մեծ նպատակների միայն մեկ բաղադրիչն է։
– Ադրբեջանը գնալով ավելի մեծ տեղ է տալիս քարոզչական բաղադրիչին, ինչը կապված է ռազմաճակատային իրադրության հետ։ Այսպես, բացի ամենօրյա ռեժիմով նոր «բնակավայրերի ազատագրման» մասին տրվող տեղեկատվությանը, որը առանձին զրույցի թեմա է, մեծանում է նաև հայ ժողովրդին դիմումների ինտենսիվությունը, որոնցում Ադրբեջանը կոչ է անում դադարեցնել պայքարը և համաձայնել Ադրբեջանի պայմաններին (այսօր Ալիևը խոսում էր նաև համակեցության մասին)։
– Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է այն մասին, որ աշխարհը փոխվել է և այլս «ուժեղն է թելադրողը»։ Աշխարհաքաղաքական վերադասավորումը ադրբեջանա-թուրքական հարձակման գլխավոր խթաններից էր, և պահը շատ հարմար էր ընտրված»,- գրել է Գեղամյանը։