Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: