ՔԿ տվյալներով՝ դեռևս սեպտեմբերի սկզբին Ադրբեջանական զինված ուժերին պատերազմի պատրաստվելու կոնկրետ հրաման է տրվել, իսկ արդեն սեպտեմբերի կեսին լայնամասշտաբ զորահավաք իրականացվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և հավելել․
«Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան նախապես մտածված ու պլանավորված է եղել։ Սեպտեմբերի 26-ին հակառակորդի մարտական տեխնիկան տեղակայվել է արցախ-ադրբեջանական շփման գծում, իսկ սահմանամերձ գյուղերի քաղաքացիական տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային կայաններ»։
Ըստ ՔԿ պաշտոնյայի հայտնած տեղեկության՝ սույն թվականի Սեպտեմբերի 28-ից մինչ այսօր Ադրբեջանի Զինված ուժերն, օգտվելով պատերազմ վարելու արգելված մեթոդներից, չտարբերելով քաղաքացիական անձանց զինվորականներից, համակարգված, կանխամտածված, նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խոր թիկունքում գտնվող ու պատերազմական գործողություններին չմասնակցող 16 խաղաղ բնակավայրեր՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, Գեղամասար համայնք, Սոթք, Կութ, Նորաբակ, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիկ համայնքներ, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնք, Սյունիքի մարզի Գորիս և Կապան, Տավուշի Այգեպար համայնք, Վայոց Ձորի Կեչուտ բնակավայր։
Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի․
«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց ՔԿ ներկայացուցիչը և հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։