Վերջին տասնամյակներին, երբ խոսում էինք ցեղասպանության ճանաչման մասին, դա կարևորում էինք այն կոնտեքստում, որ ցեղասպանության ճանաչումը դառնա կանխարգելիչ գործոն՝ հետագա ցեղասպանությունների համար։
Տարիներ շարունակ Բաքվի, Սումգայիթի հայերի նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունները մենք նույնականացրել ենք ցեղասպանության հետ․ դա ապացուցում էր հանգամանքը, որ Արցախը պետք է օգտվի «Անջատում հանուն փրկության» եզրույթից։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
«Ինչպես ցույց է տալիս միջազգային «Genocide watch» համաշխարհային կազմակերպությունը, սա ցեղասպանության իրականացման 10-րդ փուլն է։
Ըստ կազմակերպության հետազոտությունների՝ ցեղասպանություններն իրականացվում են 10 հիմնական փուլերով։ Դրանք են՝ դասակարգում, նշանավորում, ապամարդկայնացում, խտրականություն, կազմակերպում, բևեռացում, նախապատրասում, հետապնդում, ոչնչացում, ժխտում։
Ինչպես Ենգիբարյանն է նշում՝ կազմակերպությունն այս պահին ընթացող ադրբեջանաթուրքական ագրեսիան որակում է ոչ թե ցեղասպանության սպառնալիք, այլ արդե՛ն իրականացված ցեղասպանության ավարտ, եզրափակում։ Ասաց՝ պատահական չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջբերումը՝ կապված Սումգայիթի և ԱՄՆ նախագահի՝ Կոսովոյի մասին հիշատակումը։ Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլոր երկրները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, առաջնահերթ պետք է ճանաչեն Արցախի անկախությունը և միանան մարդկության դեմ կանխարգելման գործընթացին։
«Սա լոկ Հայաստանի հարցը չէ, սա մարդկության դեմ հանցագործության կանխարգելման հարցն է»,- ասաց Ենգիբարյանը։