Երիցս ճի՛շտ է պնդումն այն մասին, որ սա Հայրենական պատերազմ է՝ մեր նոր Սարդարապատը, որտեղ մեկ հարց է որոշվելու․ լինելու՞ է արդյոք նոր Հայոց ցեղասպանություն, և լինելու՞ է արդյոք Հայոց պետականություն, թե ոչ։ Այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Իմ քայլը դաշինքի անդամ, պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Այն, որ սա չափազանցություն չէ, ապացուցվում է նրանով, որ ահաբեկչական Ադրբեջանի նախագահը բացահայտ հայտարարում է, թե Արցախի դեմ կատարված ահաբեկչական գործողությունները մի մեծ գործընթացի առաջին փուլն են, որից հետո իրենք անցնելու են տարածաշրջանում նոր լանդշաֆտների ձևավորմամբ»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ թուրքական նոր լանդշաֆտի ծրագրում, իհարկե, առհասարակ չկա Հայաստան ու Հայոց պետություն, այլ կա Բալկաններից մինչև Արևմտյան Չինաստան ձգվող թուրքական պետություն։ Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրն, ըստ Պապոյանի, անկախ իր ապրած երկրի, պետք է օգտակար լինի իր հայրենիքին։
Մեր մի մասը դա անում է ուղղակի ռազմաճակատում կռիվ տալով թշնամու հրոսակների դեմ, մեկ այլ մասը կամավորականներն են, որոնք ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի օր առաջ պատրաստված հասնեն ճակատ, մյուս մասը պետք է ակտիվ աշխատի հայրենիքում, արարի, սովորի, հարկեր վճարի, ներդրում անի, մյուս մասն էլ սփյուռքի մեր հայրենակիցներն են, որոնք չեն դադարում գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և իրենց օրինական գործողությունները՝ իրենց երկրների իշխանություններից Արցախի անկախության ճանաչման պահանջ ներկայացնելը։