ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրեց Բալայանը:
Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1010 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։