Արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին։
Նա նշեց, որ Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։
«Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։ Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ։ Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան։
Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլուզիաները։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման՝ իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի՛ ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1010 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։