Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված այսօրվա իր խոսքում նշեց, որ տեղյակ է երեկ ունեցած իր ելույթի՝ հանրության շրջանում գտած արձագանքից և անգամ ուրախ է դրա համար։
«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եվ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով: Եվ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:
Եվ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին»,- նշեց գերագույն գլխավոր հրամանատարը:
Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Եվ առավել ևս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- նշեց վարչապետը:
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք: Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։
«Սա հնարավոր է դարձել, այդ թվում՝ մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:
Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1010 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։