ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցը սկսեց սահմանային իրավիճակի ներկայացմամբ։
«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով։ Միաժամանակ մի քանի բնակավայրի նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ։
Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ, միևնույն ժամանակ շարունակվել է որոշ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը՝ հիմնականում բնակավայրերին մոտիկ անտառներում։
Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառել են հրետանի և ԱԹՍ, սակայն հաջողության չեն հասել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Հովհաննիսյանը նշեց, որ, որպես կանոն, հակառակորդի դիվերսիոն խմբերը փոքր են, թեթևազեն սպառազինությամբ, և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո փախչում են՝ փորձելով նոր ուղղություններ զարգացնել։
«Ինչպես կարող եք տեսնել քարտեզից՝ հիմնականում դաշտավայրային հատվածներում որոշակի հաջողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են ահաբեկչական հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, որն այնքան էլ հեշտ չի հաջողվում։ Եվ ընթանում է մարտավարական առումով դժվար ու ավելի բարդ պայքար»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1010 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։