Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բերձորի ուղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։
Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ՝ հրետակոծություն, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ Օրվա ընթացքում դուք տեսաք ապացույցները Ադրբեջանի վայրագությունների, որոնց արդյունքում կան քաղաքացիական անձանց զոհեր և վիրավորներ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում, հարված է հասցվել նույնիսկ ծննդատանն ու այլ շինություններին»,-ասաց նա։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, դրանց մասին առանձին նշվել է Արցախի, ՀՀ ԱԳՆ-ի կողմից, հրավիրվել է աշխարհի ուշադրությունը։
«Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ և նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին առարկայական զարգացումներ այս պահին նշել չեմ կարող»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։