«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատվիրակություն կուղարկի Մոսկվա՝ քննարկելու Արցախի իրավիճակը: Համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի նիստում։
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը:
Ըստ կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության՝ հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։