Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց՝ «Պետք է դիմադրենք և հաղթենք»՝ Facebook-յան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:
«Այո՛, ուրիշ ճամփա չկա: Սա յուրաքանչյուր հայուն և ողջ հայության հանձնառությունը պետք է դառնա՝ հավատքով շաղախված ու վճռակամությամբ կռանված: Հաղթելու համար պետք է համախմբվինք և մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանության: Պետք է վստահինք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնինք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք դռները մեր բոլոր բարեկամներուն: Զինվորական հաղթանակը պիտի ապահովե մեր քաղաքական հաղթանակը»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1167 զինծառայողներ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։