Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ: Իր այս որոշման մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Երևանում կազմավորված ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Տղաներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման»,-հայտնել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։