Չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:
Ա. Նաղդալյանը նաև նշել է, որ ինչպես նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի Զինված ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, հայաթափել Արցախը:
«Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական գործողությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք առավել քան խոսուն են»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: