ՌԴ ԱԳՆ-ում չեն բացառում ԼՂ-ում մարտերին մասնակցող Սիրիայից եւ Լիբիայից եկած վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիռոմոլոտովը։
«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում։ Կարեւոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում ՝ պոտենցիալ», – նկատել է նա։
Սիռոմոլոտովը նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները ուշադիր հետեւում են իրավիճակին եւ, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակի վրա են պահում»։
Նշենք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, ըստ տեղեկությունների, Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ են ակտիվորեն տեղափոխվում ԼՂ հակամարտության գոտի, ընդ որում, խոսքն արդեն հազարավոր գրոհայինների մասին է:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։