Արցախի հյուսիսային հատվածում գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, հակառակորդը հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել՝ թողնելով տասնյակ զոհեր։ Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Factor.am»-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Քարին Տակից արևելք՝ դրա հարակից մեկ-երկու գյուղերից, գիշերը մաքրվել են ադրբեջանական դիվերսանտներ։ Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որը փորձել էին կառուցել դիվերսանտները։ Այն մեր հրետանու կրակից այրվել է»,- ասաց Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ դիվերսանտները շատ են․ տարբեր գյուղերում՝ տարբեր նպատակներով, առաջադրանքներով ու ակտիվությամբ։ Դիվերսիոն խմբերի ներթափանցման նպատակը ոչ միայն թիկունքը թուլացնելն է, այլ շրջափակման վտանգ ստեղծելը, կոմունիկացիաները կտրելը, խուճապ տարածելը։
Առհասարակ, նախորդ օրերի համեմատ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Բայց, միևնույն է, մարտերն ամբողջ ճակատի լայնքով չեն, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Դրանք կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են շարունակվում։
Շուշիի գրավման ադրբեջանական պատրանքի մասին Արայիկ Հարությունյանի արած հայտնի հայտարարության մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են, բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել՝ սխալ կլինի։
Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ վերջերս Բայրաքթարների խոցումներն ի ցույց են դնում հայկական ՀՕՊ համակարգերի բարելավումը։ Բացի այդ՝ մենք տիրապետում ենք մի այնպիսի ռեսուրսի, որը չի ենթարկվում ոչ մի մաթեմատիկական հաշվարկի․ դա կամային ու նյարդային ռեսուրսն է։ Ադրբեջանի հրոսակախմբերն, իրենց միջազգային ահաբեկիչներով հանդերձ, պարազիտի նման մեծ հաջողությունների են սպասում՝ ամեն տապալումից հետո։