Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն անկեղծությամբ և պարկեշտությամբ ասել է, թե պատրաստ է ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց «Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ», հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է՝ «պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»,-Տեր-Պետրոսյանի խոսքը փոխանցում է ILur.am-ը։
Հոկտեմբերի 31-ին՝ հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, թե պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։