ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ընթացքում բնակելի շրջաններում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություններ լինել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Գերագույն հանձնակատարն «անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա շուրջ բնակեցված շրջաններում հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, եւ նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»,-նշել են մամուլի ծառայությունից:
Բաչելետը հիշեցրել է հակամարտող կողմերին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի խուսափեն կամ առնվազն նվազեցնեն քաղաքացիական բնակչության շրջանում կյանքի կորուստները եւ չվնասեն քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցներն եւ հիվանդանոցները»:
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսքով՝ միջազգային իրավունքն «արգելում է հարձակումները, որոնք իրականացվում են անհամաչափ կամ առանց համաչափության սկզբունքի պահպանման»: Նա ընդգծել է, որ նման գործողությունները «կարող են ռազմական հանցագործություններ լինել, եւ հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, արագ, մանրակրկիտ եւ անկողմնակալ կերպով հետաքննել նման խախտումները եւ օրենքով հետապնդել նրանց, ովքեր, ինչպես հաղորդվում է, դրանք կատարել են»: Նման հարձակումները «պետք է դադարեցվեն, իսկ դրանց իրականողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – նշել է Բաչելետը։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի ՊԲ-ի և խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ են օգտագործում։