ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր սրացումը պատահական չի համարում հենց սեպտեմբերի վերջին: Նրա կարծիքով՝ աշխարհն այդ ժամանակ զբաղված էր իր ակտուալ խնդիրներով, որից Ադրբեջանը փորձում է օգտվել։
Նման կարծիք է հայտնել Սարգսյանը հայտնել է RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինչո՞ւ սկսվեց 2020 թվականի սեպտեմբերին: Գործոնները շատ են. քանի որ ԱՄՆ-ը զբաղված է նախագահական ընտրություններով, աշխարհում կորոնավիրուսի համավարակ է, և բոլորը կռվում են այլ՝ առողջապահական ճակատում, քանի որ այսօր Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հսկայական է…», – հայտարարել է Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ ներկայիս հակամարտությունը պատրաստվել է երկար տարիներ։ «Եթե վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ էր ծախսում՝ գնելու զինամթերք, հայերը կառուցում էին Ղարաբաղում, վերականգնում էին ամեն ինչ՝ գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն: Հայերը մշտապես եղել են հայրենասեր և կառուցող»։
Այն ենթադրությամբ, որ հակամարտությունը հրահրող գործոններից մեկը Հայաստանում ազգայնական տրամադրությունների աճն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր թիմի իշխանության գալուց հետո, Սարգսյանը չհամաձայնեց։
«Նախ, ուզում եմ հստակ ասել, որ ես Հայաստանում չեմ տեսնում ազգայնական ուժեր: Ամեն բան կախված է նրանից, թե ի՞նչ նկատի ունեք ազգայնական ուժ և ազգայնականություն ասելով: Կարծում եմ՝ դա պետք է սահմանել հետևյալ կերպ՝ կա հայրենասիրության գաղափար, երբ մարդը սիրում է իր հայրենիքը, պատրաստ է անել հնարավոր ամեն բան երկրի ապագայի համար՝ տնտեսական, քաղաքական ու ռազմական տեսանկյունից: Հայերը, ոչ միայն Ղարաբաղում, այլև ողջ աշխարհում, հայրենասերներ են: Ազգայնականությունը հայրենասիրության ինչ-որ մուտացված տարբերակն է, երբ կա հայրենասիրություն առանց սթափ բանականության, տրամաբանության ու մարդկային արժեքների: Վստահ եմ, որ Հայաստանում այդպիսի ազգայնականություն չկա: Հակառակը, հայերը հայրենասերներ են», – կարծում է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։