Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրեթե բոլոր ուղղություններով՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ, շարունակել են հարձակողական գործողությունները։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ քարտեզի միջոցով ներկայացնելով գյուղերը, որոնց ուղղությամբ այսօր դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են։
«Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ կեսօրին մոտ ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասում փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հրետանու կրակով, ոչնչացվել ու հետ են շպրտվել։
«Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ, հրդեհ է բռնկված, այս պահին հրշեջներն աշխատում են: Կոնկրետ Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան կենտրոնը․ սա ի ցույց աշխարհի»,- շեշտեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։