Այո, կան հակասություններ, որոնք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք համացանցում ծաղրում են Ալիևին՝ հարց ուղղելով նրան՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ Ջարբարյիլի և Զանգելանի շրջանի մի շարք գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին:
Անդրադառնալով ադրբեջանական «Յաշմա» ջոկատի 80 տոկոսի, նաև էլիտար ստորաբաժանումների ջախջախման մասին տեղեկությանը՝ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ որքան էլ հարցը գրավիչ է, այն ռազմական գաղտնիք է պարունակում:
«Մի բան կարող եմ հստակ նշել, որ Ադրբեջանը հետևակի և զրահատեխնիկայի մասով համարյա թե գոյություն չունի, մնացաորդները հավաքելով փորձում է հարձակումներ իրականացնել, իսկ թե երբ կլինի բեկում, այդ հարցը, ըստ նրա, պետք չէ դնել հանրային քննարկման»:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ճակատում մարտերի ինտենսիվությունը նվազել է Ադրբեջանի զինուժի կրած կորուստների և մարտունակազրկման պատճառով:
Հարցին ի պատասխան՝ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքը թիրախավորվել է ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով: Այս պահին համայնքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Եզրափակելով խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները վերահսկում է իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս, հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում: «Վստահ եղեք՝ Հաղթելու ենք»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։