Գիշերը բավականի թեժ էր Շուշիում. ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվորեն թիրախավորել են Շուշիի քաղաքացիական օբյեկտները: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ առկա են մեծաթիվ ավերածություններ, տվյալները ճշտվում են:
Թիրախավորման տակ է եղել նաև Մարտունի քաղաքը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ այնտեղ չեն արձանագրել:
«Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Մեկը՝ Ծննդատան տարածքում, մյուսը՝ Կենտրոնական շուկայի հարակից տարածքում: Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքների և հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայտարարված այն համաձայնությանը, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու»- ասել է Արտակ Բեգլարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հարձակումների մի մասն արձանագրվել է կասետային զինատեսակներով:
ԱՀ ՄԻՊ տվյալներով՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 46 զոհ, 144 վիրավոր:
Քաղաքացիական օբյեկտների շրջանում նախնական հաշվարկներով վնասվել է ավելի քան 13800 անշարժ մասնավոր գույք, ավելի քան 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ, մոտ 2100 շարժական գույք:
Կրթության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 2-ի դրությամբ 61 դպրոց է վնասվել և 10 մանկապարտեզ:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ ներկայացված թվերը բավականին համեստ են, քանի որ չեն կարողացել ավելի մանրամասն ու լայնածավալ բոլոր դեպքերն արձանագրել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: