Խորհրդարանում շարունակվող 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, պատշա՞ճ է, արդյոք, արդեն 40 օր շարունակվող պատերազմին տված աշխարհի գնահատականը, ինչպես կարելի է Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառման հասնել, ասաց, որ պատերազմի ժամանակ չպետք է ակնկալել, թե ինչ-որ երկիր կօգնի, կճանաչի, կպատժի հակառակորդին։
«Ինձ թվում է, որ մենք պետք է կենտրոնանանք միայն մի բանի վրա՝ հաղթանակի։ Իհարկե, աշխատանք կատարվում է, պե՛տք է կատարվի, կկատարվի նաև պատերազմից հետո։ Նաև ռազմական հանցագործություններ են կատարվել, բայց այսօր համար մեկ խնդիրը համախմբված կերպով հաղթանակի հասնելն է»։
Հարցին, թե այս պահին Արցախյան հակամարտությունն ունի՞ դիվանագիտական լուծում՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 21-ին արած հայտարարությունն այն մասին, թե այս փուլում հարցը դիվանագիտական լուծում չունի, Քոչարյանը պատասխանեց․
«Իսկ ինչպե՞ս է հնարավոր դիվանագիտական լուծում պատերազմում։ Քանի դեռ կան ռազմական գործողություններ՝ մեր խնդիրը ռազմադաշտում է»։
Իսկ այն հարցի մասին, թե Ռուսաստանի հետ հարաբերություններն ինչ մակարդակի վրա են, հատկապես, Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին գրած նամակից հետո, իշխանությունների նշած ակտիվ բանակցությունները ՌԴ-ի հետ ում դեմքով են իրականացվում ու ինչ սպասել դրանցից, Շավարշ Քոչարյանը տարակուսանք հայտնեց։
«Խոսքը, ռազմական դրությամբ պայմանավորված, անվտանգության մասին է, դուք ակնկալում եք, որ ես պետք է ասեմ, թե ո՞վ է խորհրդակցում, ու՞մ հետ, ի՞նչ են պայմանավորվել։ Կարդացեք համաձայնագրի երկրորդ հոդվածը, որտեղ գրված է, որ «պետք է սկսվեն կոնսուլտացիաներ, և կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն»,- ասաց ԱԳ փոխնախարարը։ Խորհրդակցություններ սկսելու մասին նա նույնպես լռեց՝ ասելով, որ համաձայնագրով ամեն ինչ ասված է։
Քոչարյանը հորդորեց լրագրողներին՝ իրենց գործունեությամբ նպաստել հասարակության համախմբմանը՝ հիշեցնելով, որ բոլորս պատերազմում ենք։