Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Չեխ պատգամավորները, դատապարտել են հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները՝ ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը: Պատգամավորները շեշտել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
«Հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,
-համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,
-կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին՝ դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,
-խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գիծ և բանակցային սեղան, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,
լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,
-խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվոպական Միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով»- նշվում է հայտարարության մեջ :