Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել՝ ոչ մեծ խմբերով։ Մոտավորապես, վաշտային մարտավարական խմբեր՝ մի քանի միավոր զինտեխնիկայով։ Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ․ կորցնելով մի քանի միավոր տեխնիկա՝ հետ են շպրտվել: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հարցազրույցի տաղավարում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շուշիի հարակից գյուղերում ու անտառներում շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները։ Ալիևը ներկայացնում է, թե իրենք հարձակվում են Շուշիի վրա, միջազգային մամուլն են այդպես լցնում, իրենց հանրությանն են կերակրում։ Բայց ես զարմացած եմ․ այդպիսի պատերազմի ձև չեմ տեսել, որ հարձակվող կողմին փնտրես, գտնես, որ ոչնչացնես։
Ինչ է նշանակում, որ հարձակվում են, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, 15-20 հոգանոց խումբ է, 1-2-ին խփում ենք, մնացածը փախչում են խիտ անտառներ՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող։ Շրջանցում են մեկ այլ տեղից, որտեղ փորձում են գտնել թույլ տեղեր, մտնել գյուղեր, վնասել, դրոշ դնել, նկարներ, հետո մեր տղաները մտնում են, սկսում են փախչել։
Ասում ենք, որ այդ ձորակների մեջ, որտեղ տեղի ունեցող օպերացիան «Գյոռբագյոռ 2020» ենք անվանել, իրենք շարունակելու են գյոռբագոռ լինել»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։