Մոտալուտ ձմեռն այն գործոններից մեկն է, որի համար հակառակորդը շտապում է: Պարզ է, որ այդ ժամանակ լոգիստիկան, կառավարումը, թաքնվելը կբարդանա: Այս մասին Հ1 հեռուստաալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսելով դիվերսիոն խմբերի գործունեության արդյունավետության մասին, նա նշել է, որ առկա իրավիճակը բարենպաստ կլիներ, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: Երեք-չորս օր փորձեցին, չհաջողվեց դեպի Ճարտար, Մարտունի դուրս գալ, որպեսզի ողջ մայրուղու վերահսկողությունը վերցնեն և այդ դեպքում առանձին դիվերսիոն խմբերը կփրկվեին կոտորվելուց:
Ինչ վերաբերում է հայկական ուժերի սպառազինությանը, ապա նա ասել է, որ 2018, 2019 թվականներին ավելի շատ ենք զինվել, քան երբևէ: Ուղղակի ռազմական ոլորտին Հայաստանի հատկացրած միջոցներն անհամեմատ քիչ են Ադրբեջանի ռազմական ծախսերից:
Արծրուն Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզական տվյալներ չտրամադրելու մասին հարցին ի պատասխան նշել է, որ դա մեծագույն կեղծիք է. «Իհարկե, չեմ ասելու երբ են տվել, ինչ են տվել ու ինչ են տալիս»:
Նա կարևորել է միասնականությունը, քանի որ մեր զորքը, մեր հրամանատարությունը ամեն մի միլիմետրի համար կռիվ է տալիս: