ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Պատգամավորը նշել է, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մահվան 50, վիրավորման՝ 154 դեպք: Հսկայական վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներին:
«Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ իրենք թիրախավորել են բնակավայրերը, թեև ընդունել է, որ դա արել են մինչև հոկտեմբերի 10-ը, բայց նա ստում է, քանի որ հենց երեկ Շուշիի հրետանակոծման հետևանքով 3 զոհ կա՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- իր ելույթում ասել է Տ. Հայրապետյանը՝ հավելելով, որ մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, Արցախում համավարակը լայնորեն տարածվել է, քանի որ Արցախի խաղաղ բնակչությունը հարկադրված է ապրել կացարաններում, իսկ դա անկառավարելի է դարձնում համավարակի հետագա տարածումը:
«Ահաբեկիչների ներգրավումը միայն քաղաքական հարց չէ, դա ունի հումանիտար լուրջ հետևանքներ, քանի որ նրանք կոչված են նաև գլխատումներ իրականացնելու ու վճարվելու դրա համար: Դրա մասին խոստովանել են հենց ահաբեկիչները:
Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ սկսված այս ագրեսիան ապացուցում է ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի նպատակը արցախահայության վերացումն է և բոլոր գործողությունները դրա վառ ապացույցն են»,- նշել է պատգամավորը: