Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 28 հասցեում գտմվող «Պիեռ» ռեստորանում, նոյեմբերի 6-ին հայտնի գրող Նարինե Աբգարյանը մասնակցեց արցախցի կանանց պատրաստած արցախյան ազգային ուտեստի՝ ժենգյալով հացի վաճառքին:
Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ հոգալու մի քանի հյուրանոցների կոմունալ ծախսերը, որտեղ ապրում են Արցախից տեղահանված անձինք, և վճարելու արցախցի կանանց աշխատանքի դիմաց, որոնք ամեն օր ժենգյալով հաց են թխում իրենց երեխաների և մեծահասակների խնամքի համար՝ մինչ ամուսինները, որդիները, եղբայրները կռվում են ռազմաճակատում:
Ինչպես Armenia today-ի թղթակցի հետ զրույցում նշել է գրողը՝ նման քաղաքացիական նախաձեռնություններն առաջին հերթին օգնում են, հետո՝ ոգեշնչում մարդկանց, և երրորդ՝ սա հայրենիքիդ հանդեպ քո վերաբերմունքը անձնական օրինակով ցույց տալու հնարավորություն է:
Նարինե Աբգարյանը խոստովանեց, որ ինքը վրդովված է, երբ մեր երկրին խաղաղության կոչեր են արվում այն դեպքում, երբ մենք չենք պատերազմ սկսել: «Ես կցանկանայի, որ շեշտադրումներն ավելի ճիշտ լինեին՝ ագրեսորին անվանեին ագրեսոր, իսկ պաշտպանվողին՝ պաշտպանվող: Շատ կուզենայի, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվեր և այլևս չկրկնվեր: Համաշխարհային հանրությանը դա ապացուցելու համար անհրաժեշտ է կռվել: Մեզ այլ բան չի մնացել, ցավոք, իրողություններն այդպիսին են»,- ասաց Աբգարյանը:
Ինչպես ընդգծեց Նարինե Աբգարյանը, մենք հասկացանք, որ մենակ ենք, բայց, միևնույն ժամանակ համառ ենք, ուժեղ, վստահ մեր ուժերի վրա և երբեք թույլ չենք տա վիրավորել մեզ:
Տեղում հնարավոր էր գնել նաև Նարինե Աբգարյանի «Երեք խնձոր ընկավ երկնքից» բեսթսելլերը: Գրքի վաճառքից ստացված հասույթի կեսը նույնպես կուղղվի հիմնադրամին:
Նարինե Աբգարյանն ընդգծեց, որ բանակը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է, որպեսզի ինքն ավելի ուժեղ լինի: