«Ամեն օր մենք կորցնում ենք կյանքեր, երիտասարդներ, որ չեն դառնալու հայր, արտիստ, գիտնական… Սա վիթխարի ողբերգություն է: Այդ կյանքերը կորսվեցին, մինչդեռ խաղաղ լուծման ուղի կար՝ մշակված Մինսկի խմբի կողմից, որ միավորում է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Դժբախտաբար, Ադրբեջանը որոշեց լքել բանակցությունների սեղանը և դիմել ռազմական ուղուն»։
Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին տված հարցազրույցում:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ այս հակամարտության մեջ Թուրքիան միմիայն բացասական դեր է խաղում։ «Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և, այդ անելով, խախտում ստատուս քվոն, որ իր դերն ավելի կարևորի:
Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի Տրանսանատոլիական (TANAP), հետո՝ Տրանսադրիատիկ (TAP) գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից:
Մյուս խաղաթուղթը փախստականներն են: Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞:
Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (որոնք Ադրբեջանում են – խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա:
Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ: Նա չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն: Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007 թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում… Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Ըստ նախագահի՝ եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:
«Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Եթե նույնիսկ հայերը դուրս մղվեն Արցախից, դա չի նշանակում, թե վերջնական լուծում կլինի: Առաջին՝ որովհետև նրանք պատմության ընթացքում մարտնչել են բոլորի դեմ: Երկրորդ՝ վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն:
Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով»,-եզրափակել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։