Շուշիում ինտենսիվ մարտեր են ընթանում, հայտնել է Արցախի նախագահի օգնական Արմինե Գրիգորյանը:
«Շուշիում ինտենսիվ մարտեր են ընթանում, իրականացվում է Շուշիի գործողություն։ Այն չի ավարտվել», – մասնավորապես գրել է Գրիգորյանը Facebook-ում։
Նա նաև նշել է, որ Ալիևի հայտարարությունն ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանի բնակչությանը, որքան ուղղված էր հայ հասարակության բարոյալքմանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ մարտերը Շուշիում շարունակվում են:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ուղերձով և հայտարարել է, թե իբր ադրբեջանական կողմի հաջողությունները Շուշիում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։