ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից դեպի Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում ռուսական ուղղաթիռ է խոցվել։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ում հաստատել են այդ տեղեկությունը և հայտարարել, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի հետ սահմանի մոտ Հայաստանի օդային տարածքում գտնվող շարժական զենիթահրթիռային համալիրից, անձնակազմի երկու անդամները զոհվել են, ևս մեկը վիրավորվել է: