Երեսուն տարի շարունակ ԼՂ շուրջ բանակցություններում մեկ կետ հստակ է եղել` պետք է հինգ շրջանները հանձնվեն Ադրբեջանին։ Ես այդ բանակցությունների բովանդակության մասին պետք է գայի և ասեի ժողովրդին 2018-ին։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացու հետ» իր երրորդ զրույցի ժամանակ։
«Պետք է ասեի` կամ հանձնում ենք հինգ շրջան` առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտաման, կամ ունենում ենք պատերազմ։ Բայց չեմ ասել, որովհետև նախ ուզում էի բանակցությունների ընթացքը փոխել, երկրորդ` ժողովուրդը չէր համաձայնելու դրան»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այս ցավոտ որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ պատերազմը մեր օգտին թեքելու հնարավորություն չկա։
«Ես կրում եմ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը՝ միաժամանակ նշելով, որ այլ ելք մենք չենք ունեցել»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է 1221 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։