ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված նամակով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Կոնգրեսականները նամակում իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ-ի շուրջ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, քանի որ կարծում են, որ այն չի լուծում վիճելի տարածքների կարգավիճակի հարցը։ Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
«Այս շաբաթ ձեռք բերված զինադադարը ոչ մի օգուտ չի տալիս հիմնարար տարածքային վեճը կարգավորելուն կամ կայուն և արդարացի խաղաղություն ապահովելուն: ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ՝ վճռելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ: Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ը կվերանայի Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը: Նշվում է, որ, չնայած Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հաճախ հանդես է գալիս ԱՄՆ-ի շահերի դեմ։ Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ամրացնի կապերը Հայաստանի հետ, կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Նաև նշվում է, որ այս շաբաթ ձեռք բերված զինադադարը չի նպաստում հիմնական տարածքային վեճի կարգավորմանը կամ կայուն խաղաղության ապահովմանը։