Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:
«Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»,-հայտնել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։